Եվրոպական Միությունը դիտարկում է SWIFT միջազգային վճարային համակարգից ավելի քան 20 ռուսաստանյան բանկեր անջատելու, ինչպես նաև ռուսաստանյան նավթի գնային շեմի իջեցման և «Հյուսիսային հոսք» գազատարների արգելքի հնարավորությունը: Պատժամիջոցների նոր փաթեթն ուղղված է Մոսկվայի վրա ճնշումն ուժեղացնելուն՝ ՈՒկրաինայի դեմ պատերազմը դադարեցնելու նպատակով։ ԵՄ պատժամիջոցները պահանջում են բոլոր անդամ պետությունների աջակցությունը և կարող են փոփոխվել, նախքան դրանք պաշտոնապես կառաջարկվեն և կընդունվեն։               
 

Ադրբեջանն ընդդեմ ՄԻԵԴ-ի

Ադրբեջանն ընդդեմ ՄԻԵԴ-ի
30.09.2015 | 19:56

Այսօր Ստրասբուրգում ԵԽԽՎ նստաշրջանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման ադրբեջանական խեղաթյուրումների մասին ելույթ է ունեցել ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը: Նա անդրադարձել է 2015 թվականի հունիսին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի երկու որոշումներին` «Չիրագովն ընդդեմ Հայաստանի» և «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի»: Հերմինե Նաղդալյանը ԵԽԽՎ պատվիրակների ուշադրությունն է հրավիրել այն փաստի վրա, որ «Երբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «Չիրագովն ընդդեմ Հայաստանի» գործի առիթով չընդունեց Ադրբեջանի ցանկալի դիրքորոշումը, ավտորիտար Ադրբեջանի պետական քարոզչությունը՝ առերեսվելով հայկական կողմի հիմնավորված փաստարկներին, սկսեց անել հնարավորը՝ իր կամայական մեկնաբանությունները պաշտպանելու համար: Ադրբեջանն իրեն բավական ազատ է զգում Եվրադատարանին վերագրելու այնպիսի դրույթներ, որոնք երբեք չեն օգտագործվել որոշման մեջ` դրանով ցույց տալով իր անհարգալից վերաբերմունքը և դատարանի, և նրա վճիռների, և սեփական քաղաքացու` Չիրագովի իրավունքների նկատմամբ: Սա Բաքվի` շահարկումների քաղաքականության վառ դրսևորում է: Չկա այլ բացատրություն ադրբեջանական հայտարարություններին, թե իբր ԵԴ-ն իր որոշման մեջ «հանձնարարել է պաշտպանել ներքին տեղահանված անձանց հիմնարար իրավունքները», անդրադարձել է «Հայաստանի կողմից տարածքային պահանջներին» և «հայկական զորքերի դուրսբերմանը՝ որպես հակամարտության կարգավորման պայման»: Անշուշտ, այսպիսի հղումներ, և անգամ նմանատիպ որևէ ձևակերպում, ԵԴ վճռի մեջ չկան:

Անհավանական է, թե ինչպես մի երկիր, որը խախտում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի դրույթները, ոտնահարում Եվրադատարանի բազմաթիվ որոշումներ, չի կատարում վճիռները, որոնք գտնվում են Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի վերահսկողության տակ և պահանջում են ժողովրդավարական բարեփոխումներ, կարող է խոսել ՄԻԵԴ-ի որոշումների արժեքի մասին:
Չիրագովին առնչվող որոշմանը զուգահեռ` ՄԻԵԴ-ն ընդունել է մեկ ուրիշ վճիռ՝ պաշտպանող Ադրբեջանի կողմից Գյուլիստան գյուղի իր տնից բռնի տեղահանված Սարգսյանի իրավունքները: Երկու գործում էլ դատարանի վճիռները գրեթե կրկնում են միմյանց՝ արձանագրելով Կոնվենցիայով նախատեսված միևնույն իրավունքների խախտումը, ինչով, ըստ իս, Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը ցույց է տալիս, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով տեղահանված անձանց առնչվող խնդիրները պետք է լուծվեն փոխադարձության և հավասարության սկզբունքների հիման վրա: Իրականում փախստականների և ներքին տեղահանված անձանց վերադարձը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցությունների հիմնական սկզբունքներից մեկն է: Դատարկ շահարկումների փոխարեն, Ադրբեջանը պետք է իր քայլերն ուղղի դեպի կառուցողական մոտեցում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո բանակցություններ»:

Դիտվել է՝ 753

Մեկնաբանություններ